Նպատակը՝ պարգևել ժպիտ
Նպատակը՝ պարգևել ժպիտ
Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճը դեկտեմբերի 19-ին սովորականից մարդաշատ էր ու ջերմ։ «Ձմեռ պապի գործակալը» ամանորյա երաժշտական ներկայացումը դիտելու էին եկել 2020 թվականին արցախյան պատերազմում զոհված հայորդիների զավակները։
Երեխաների համար այդ օրը յուրահատուկ դարձնելու համար «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր «Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագրի մասին։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի իրականացման հիմքում ընկած է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների զավակներին մշտապես աջակցելու առաջարկը։
Ծրագրին մասնակցելու համար ներկայացված ու պայմաններին համապատասխանող բոլոր 67 հայտերը, ինչպես հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն է ասում, հաստատվել են. «Հայտեր ենք ստացել Երևանից, Գեղարքունիքից, Կոտայքից, Արարատից, Վայոց ձորից, Լոռիից ու Արցախից»։
Սիրված ներկայացման տոմսերից բացի, հիմնադրամը երեխաների համար ամանորյա նվերներ էր պատրաստել՝ յուրաքանչյուրին իր տարիքին համապատասխան։
12-ամյա Միլենային փաթեթի պարունակությունից ամենաշատը քաղցրավենիքն է ուրախացրել։ Մայրը՝ Նադեժդան, ասում է՝ Միլենան քչախոս է, Րաֆֆին՝ տղան, ակտիվ ու շփվող։ Այն, որ ներկայացման հերոսները՝ Րաֆֆիի մարմնավորմամբ, մի քանի օր իրենց տան հյուրերը կլինեն, Նադեժդան չի կասկածում։
9-ամյա Ռիմային էլ, ով մայրիկի ու զույգ քույրիկների հետ ներկայացումը դիտելու էր եկել Վարդենիսից, ամենաշատը տպավորել էր Ձմեռ պապիկի գոյությունը կասկածի տակ դնելու հանգամանքը. «Չար հերոսները ասում էին, որ Ձմեռ պապիկ չկա, բայց վերջում համոզվեցին, որ կա։ Ես էլ գիտեմ, որ Ձմեռ պապիկ, իրոք, կա ու նա կատարում է բոլոր երեխաների ցանկությունները»։
Ռիման այս տարի էլ է նամակ գրել ամենաբարի պապիկին ու, նախ և առաջ, նրանից խնդրել է խաղաղություն բերել Հայոց աշխարհին, որպեսզի էլ ոչ մի բալիկ առանց հայրիկ չմնա։
Ձմեռ պապիկի գոյությանը հավատացել ու շարունակում են հավատալ նաև 5-ամյա Դավիթն ու 6-ամյա Հայկը։ Տղաների այդ օրվա ոգևորությունն ու էմոցիաները դեռ երկար կհիշվեն։ Մայրը՝ Մանյակ Աղաջանյանն, ասում է՝ այս կյանքում նրանց ուրախությունից ու ոգևորությունից կարևոր էլ ոչինչ չկա։ «Ամուսնուս՝ Արշակի հետ, հաճախակի էինք երեխաներին ներկայացման տանում։ Շատ փոքրուց սիրում են թատրոնը։ Այս անգամ էլ ուշադիր ու հիացմունքով նայում էին։ Հետո Ձմեռ պապիկից նվերներ ստացան։ Նրանք այնքա՜ն ուրախ էին այդ օրը․․․ Ամեն ինչ հիանալի կազմակերպել էին՝ մանրուքներով հանդերձ։ Բոլորին առաջին անգամ էինք տեսնում, բայց այնքան ջերմություն ու սեր կար այդ դահլիճում»,-ասում է Մանյակը։
Երեք փոքրիկների հետ Աղվերանից ներկայացմանը եկած Նադեժդան զգում է՝ միապաղաղ դարձած օրերի մեջ նման անակնկալները շատ են ուրախացնում երեխաներին, իսկ իրենց, թեկուզ կարճ ժամանակով, շեղում ծանր մտքերից ու ապրումներից։ «Գիտեք, երբ մի վայրում ես, որտեղ բոլորն անցել են նույն ճանապարհով, բոլորը նույն կարգավիճակում են, զգում ես, որ դու մենակ չես»,- ասում է Նադեժդան։
Այն բարդ ճանապարհը, որով հիմա անցնում են զոհված հերոսների ընտանիքները, թեկուզ փոքրիկ ուշադրությամբ թեթևացնելու ամեն մի փորձ, նրանց կողմից աննկատ չի մնում։ Դա երևում էր թե՛ նրանց աչքերից, թե՛ խոսքերից․․․
Լիլիթ Պողոսյան (թղթակից)