Գիտակրթական

Պատանիների տեխնո-ինժեներական լաբորատորիան սահմանամերձ Նոյեմբերյանում

Պատանիների տեխնո-ինժեներական լաբորատորիան սահմանամերձ Նոյեմբերյանում

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում սեփական ստարտափը հիմնելու մասին Արգամն ու ընկերները դեռ «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիայում սովորելու տարիներին էին երազում։
Երազանքը՝ նպատակի, նպատակն էլ գործի վերածվեց կարճ ժամանակահատվածում։ Երիտասարդներն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար նախ ստարտափ հիմնեցին, կարճ ժամանակ անց հայրենի Նոյեմբերյանում բացեցին «ProtoLab» տեխնո-ինժեներական լաբորատորիան։
«ProtoLab»-ի թիմի բոլոր հինգ անդամներն «Արտաթ»-ի սաներ են։
Արգամն ասում է՝ «Արմաթ»-ը երկու գլխավոր բան է տվել իրեն՝ ինժեներ դառնալու ձգտում և հայրենիքը ճանաչելու, զգալու հնարավորություն։ «Երբ փոքր էի, երազում էի բժիշկ դառնալ, բայց «Արմաթ» հաճախելուց հետո մտափոխվեցի։ Հասկացա, որ Հայաստանին հա՛յ ինժեներներ են պետք։ Որոշմանս համար ոչ մի անգամ չեմ փոշմանել»,-պատմում է Արգամը։
«ProtoLab»-ը հիմնադրման հենց սկզբից զբաղվում է 3D տպագրությամբ ու մոդելավորմամբ, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի նախագծմամբ ու մոդելավորմամբ։
Իրենց նախագծած ու մոդելավորած սարքերից որոշները երիտասարդ ինժեներները ներկայացրել էին օրերս կայացած DigiTec 2021-ին։ Տան անվտանգության համակարգի նախատիպը, որը հնարավորությու կտա հեռավորության վրա գտնվելով՝ սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով ստուգել տան ջերմաստիճանը, խոնավությունը, իսկ հրդեհի դեպքում՝ տեղեկացնել տան անդամներին, ամենաշատն է հետաքրքրել տեխնոլոգիական ցոցւահանդեսի այցելուներին։
Ինժեներների թիմն այժմ բազմաֆունկցիոնալ արտաքին մարտկոցների (Power bank) նախագծմամբ է զբաղված։ «Նախատեսում ենք ստեղծել արշավականների, զբոսաշրջիկների համար կիրառելի արտաքին մարտկոցներ, որոնք կունենան 15 000-20 000 մԱ*ժամ ունակություն, ինչպես նաև կունենան ռադիոնվագարկիչ, լապտեր, կրակայրիչ։
Նախատիպն առնվազն այդ հնարավորությունները կունենա, հետագայում կավելացնենք նաև GPS և Bluetooth հնարավորությունները»,-ասում է Արգամը։
Հայկական արտադրության նման բազմաֆունկցիոնալ արտաքին մարտկոց, ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, առայժմ չկա։
Նախագծումն ավարտելուց հետո՝ մոտ վեց ամիս անց թիմը նախատեսում է ստեղծել արտաքին մարտկոցի նախատիպը։ Արտադրական գործընթացի մանրամասները դեռ չեն քննարկել, բայց համոզված են՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար գործընկերներ պետք է գտնեն։
Համագործակցության փորձ երիտասարդներն արդեն ունեն․ «Զեվիթ» ընկերության պատվերով վերջերս ստեղծել են մեկուկես մետրանոց հողմաէլեկտրակայանի փոքր մոդել։ Արգամի խոսքով՝ այս ոլորտում դա թիմի առաջին մեծ գործն է, բայց լիահույս է, որ շարունակականություն կունենա։
«ProtoLab»-ի ստեղծման գլխավոր նպատակներից մեկն էլ Նոյեմբերյանի ու հարակից համայնքների երիտասարդներին իրենց բնակավայրերում պահելն է։ Արգամը նկատում է՝ երիտասարդները հաճախ լքում են իրենց ծննդավայրն աշխատելու, մասնագիտական աճի հնարավորություն չունենալու պատճառով․ «Մենք ուզում ենք օգնել այն երեխաներին, որոնք սովորում են Նոյեմբերյանի «Արմաթ»-ում և ցանկանում են իրենց ստացած գիտելիքը ներդնել իրենց համայնքների զարգացման համար»։
Այն կարևոր նպատակը, որ որդեգրել են «Արմաթ» լաբորատորիաները՝ մարզերի համաչափ զարգացումը, երիտասարդ ինժեների խոսքով՝ «ժառանգել» է նաև «Պրոտոլաբ»-ը։

Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)