Մշակույթ

2024-2025 թթ.՝ մշակութային կրթության ուսումնական տարի․ԿԳՄՍՆ

2024-2025 թթ.՝ մշակութային կրթության ուսումնական տարի․ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ․ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի՝  հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները։

Ըստ նախարարության՝  նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:

Նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ։

«Նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը»,- նշված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նախատեսում է միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք մեկ տարվա կտրվածքով շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը:

Հայտարարության մեջ նշված են նաև մարզերում կրթամշակութային էքսպոների անցկացման վայրերը։

«Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականին։ Ծրագիրն ընդհատվել էր 2020 թվականին՝ համավարակով պայմանավորված, վերսկսվել է 2021 թվականին:

Ծրագիրը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս:

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)